Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ելքի» հայտարարությունը

«Ելքի» հայտարարությունը
15.05.2017 | 23:07

«Ելք» դաշինքը 2017 թվականի մայիսի 14-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ հարկ է համարում արձանագրել հետևյալը.


1. Ընտրությունների պաշտոնական արդյունքները, ընդհանուր առմամբ, ձևավորվել են ընտրություններին մասնակցած քաղաքացիների քվեարկության արդյունքում և «Ելք» դաշինքին հաջողվել է արձանագրել իր օգտին տրված յուրաքանչյուր քվե:
2. Ընտրական պրոցեսի ընթացքում Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբներից համատարած ընտրակաշառքներ են բաժանվել, այդ գործընթացը ունեցել է կազմակերպված և կենտրոնացված բնույթ, ինչի վերաբերյալ «Ելք» դաշինքին հաջողվել է ձեռք բերել անառարկելի ապացույցներ: Այս ապօրինի երևույթից բխող մի շարք խախտումներ տեղ են գտել ընտրական տեղամասերում, ինչը արձանագրվել է «Ելք» դաշինքի վստահված անձանց կողմից:
3. ՀՀ իրավապահ մարմինները ընտրակաշառքների դեմ պայքարում ցուցաբերել են համատարած անգործություն, իսկ որոշ դեպքերում հովանավորել են այդ գործընթացը, ընդհուպ խոչընդոտելով կատարված ընտրական հանցագործությունների բացահայտմանը. «Ելք» դաշինքին հաջողվել է ձեռք բերել և հրապարակել անառարկելի ապացույցներ, որ ՀՀ ոստիկանությունը լծված է եղել ՀՀԿ-ի օգտին ձայներ ապահովելու գործին, ինչը կոպտորեն հակասության մեջ է մտնում ոստիկանության քաղաքական չեզոքության մասին ՀՀ օրենսդրության պահանջների հետ: Քվեարկության օրը ոստիկանության ներկայացուցիչները բռնություններ են գործադրել «Երկիր ծիրանի» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Զարուհի Փոստանջյանի և նրա դստեր նկատմամբ, ըստ էության խոչընդոտելով ընտրակաշառքների բաժանման վերաբերյալ հերթական փաստի բացահայտմանը:
4. Ընտրակաշառքների բաժանման և ստացման շղթայում ներգրավված են եղել տասնյակ հազարավոր քաղաքացիներ և այդ երևույթի նկատմամբ ձևավորված է հանրային հանդուրժողականության մթնոլորտ, ինչը Հայոց պետականության հիմքում դրված դանդաղ գործողության ռումբ է:
5. «Ելք» դաշինքը ակնածանք է արտահայտում բոլոր այն քաղաքացիներին, վստահված անձանց, դիտորդներին, ընտրական հանձնաժողովների անդամներին, ովքեր ընտրական տեղամասում առաջնորդվել են քաղաքացիական գիտակցությամբ, իրենց քվեով և գործունեությամբ պաշտպանել են օրինականությունը և ժողովրդավարությունը: Դաշինքը շնորհակալություն է հայտնում նաև բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ֆինանսական, կազմակերպչական, քաղաքական և բարոյական աջակցություն են ցուցաբերել դաշինքին:
6. «Ելք» դաշինքը արձանագրում է, որ մայրաքաղաքում ունի համակիրների ամուր և կայուն հենարան և Երևանի ավագանիում «Ելք» խմբակցությունը իրեն համարում է դաշինքի օգտին քվեարկած շուրջ 70 հազար երևանցիների պատվիրակը և Երևանի ավագանիում հանդես է գալու նրանց անունից:
7. «Ելք» դաշինքը ԱԺ-ում Երևանի ավագանիում իր գործունեության ընթացքում և ընդհանրապես՝ միջոցներ է ձեռնարկելու 2017 թվականի ԱԺ ընտրությունների Երևանի ավագանու ընտրություններում տեղ գտած ապօրինի երևույթների պատշաճ քննության իրականացմանը հասնելու համար, հետևողական և սկզբունքային պայքար է մղելու այդ երևույթների դեմ:
8. «Ելք» դաշինքը ռազմավարական նպատակ է հռչակում Հայաստանի քաղաքացիների շրջանում տիրապետող հուսահատության մթնոլորտի հաղթահարումը և ամեն ինչ անելու է այս նպատակին հասնելու համար:

Դիտվել է՝ 1280

Մեկնաբանություններ